Խնդրում եմ ներկա գտնվել Արցախի և Հայաստանի մեծ աջակից Ալեքսանդր Լապշինի հետ այս շատ կարևոր հանդիպմանը։
Երկուշաբթի, 17 Յուլիսի երեկոյեան ժամը 7ին, Իրանահայ կեդրոնին մէջ։
Ռուս-Իսրայէլցի Պլոկըրի Համարձակ Ջանքերը՝ Աջակցելու Հայաստանին եւ Արցախին
Յարութ Սասունեան
«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ
Վերջերս Armenian Mirror-Spectator-ի մէջ կարդացի շատ կարեւոր յօդուած մը, ուր Արամ Արքուն հարցազրոյց կատարած է ռուս-իսրայէլցի պլոկըր Ալեքսանդր Լափշինի հետ, որ ներկայիս շրջագայութեան մէջ է Գանատա եւ Միացեալ Նահանգներ: Ան արդէն հանդիպումներ ունեցած է հայերու հետ՝ 3 Յունիսին Գանատայի Թորոնթօ քաղաքին մէջ, իսկ 11 Յունիսին` Նիւ Եորքի մէջ: Ան նաեւ հանդիպած է Human Rights Watch-ի, Amnesty International-ի եւ Լրագրողներու պաշտպանութեան կոմիտէի հետ՝ անոնց տեղեկացնելու Արցախի մէջ տիրող ծանր իրավիճակի մասին:
Լափշին ծնած է Ռուսիա եւ 13 տարեկանին տեղափոխուած է Իսրայէլ։ Կինը Մոլտովիայէն է եւ Իսրայէլ տեղափոխուած է 14 տարի առաջ։ Այսուամենայնիւ, 2017էն ի վեր ան տակաւին կը սպասէ, որ Իսրայէլի քաղաքացի դառնայ։
2011էն 2016 Հայաստան կատարած իր բազմաթիւ այցելութիւններուն ընթացքին, ան երեք անգամ մեկնած է Արցախ: Ատրպէյճանի կառավարութիւնը զայն ձերբակալելու հրաման տուած է եւ Պելառուսէն պահանջած է զայն ուղարկել Պաքու՝ Հայաստանէն «Ատրպէյճանի սահմանը ապօրինի հատելու»ն համար։ 2017ին Պելառուս զայն արտայանձնած է Ատրպէյճանի, ուր «ան դատապարտուած էր երեք տարուան ազատազրկման, սակայն Սեպտեմբերին անոր ներում շնորհած են եւ ինքնաթիռով ուղարկած Իսրայէլ, ինչպէս ինք կը ներկայացնէ, բանտին մէջ չորս դիմակաւորուած մարդոց կողմէ սպաննութեան փորձէ ետք։ Ատրպէյճանի կառավարութիւնը, սակայն, յայտարարած է, որ ան փորձած է անձնասպան ըլլալ», զեկուցած է Արքուն:
Լափշին ըսաւ, որ Իսրայէլի Անվտանգութեան գործակալութիւնը բազմիցս յորդորած է զինք՝ դադրեցնել աջակցիլ Հայաստանի, քանի որ «Ատրպէյճանը մեր դաշնակիցն է»։ Անոր խորհուրդ տուած են նաեւ ետ քաշել Ատրպէյճանի դէմ իր բողոքները Մարդկային իրաւունքներու եւրոպական դատարանէն եւ ՄԱԿ-էն։ Լափշին պատասխանած է. «Ո՛չ, ոչ մէկ պարագայի։ Ես պիտի երթամ մինչեւ ծայր եւ պիտի յաղթեմ»։
21 Մայիս 2021ին, Մարդկային իրաւունքներու եւրոպական դատարանը յօգուտ Լափշինի վճիռ կայացուց ընդդէմ Ատրպէյճանի՝ սպաննութեան փորձի, խոշտանգումներու եւ ապօրինի ազատազրկման մեղադրանքով։ Սակայն Ատրպէյճան մերժեց անոր վճարել 30 հազար եւրօ փոխ հատուցում։ «Միեւնոյն ատեն, ՄԱԿ-ի Մարդկային իրաւունքներու կոմիտէն 19 Յուլիս 2022ին բանաձեւ մը ընդունեց՝ դատապարտելով Պելառուսիոյ իշխանութիւնները՝ Լափշինը ապօրինի ձերբակալելու եւ զայն Ատրպէյճանին արտայանձնելու համար», գրած է The Mirror։
Լափշին Mirror-ին ըսաւ, որ իր քննադատութիւններուն պատճառով չի կրնար այցելել Ռուսիա եւ նախկին խորհրդային երկիրներ՝ «բացի Հայաստանէն», սակայն աւելցուց. «Ես պարզապէս ըսի՝ բացի Հայաստանէն, բայց ո՞վ գիտէ։ Հայաստան կը գտնուի Ռուսիոյ մեծ ազդեցութեան տակ»։
«Լափշին կը շարունակէ հետամուտ ըլլալ Ատրպէյճանի կողմէ Մարդկային իրաւունքներու խախտումներու դէմ իր սեփական դատին, սակայն պատրաստ է օգնելու նաեւ Հայաստանի։ Ան ըսաւ, որ հասկցած է՝ «աւելի լաւ կ՛ըլլայ ինծի, իմ ընտանիքին եւ մեր ապահովութեան համար մէկ կողմ ձգել այդ եւ շարունակել մեր հին կեանքը»: Այսուամենայնիւ, ան շարունակեց. «Ես պարզապէս չեմ կրնար դադրեցնել այն, ինչ որ կ՛ընեմ յօգուտ Հայաստանի եւ Արցախի, քանի որ Հայաստանի մէջ շատ ընկերներ ունիմ։ Անոնցմէ մէկ քանին զոհուած են ղարաբաղեան երկրորդ պատերազմի ընթացքին։ Իրականութեան մէջ, ես կը սիրեմ այս երկիրը, ուստի Հայաստանի մէջ ես ինքզինքս կը զգամ իմ երկրորդ տան մէջ», կը հաղորդէ Արքուն։ Լափշինի խօսքերով՝ «Վեց միլիոն հրեայ սպաննուեցաւ Ողջակիզումի ժամանակ։ Իրականութեան մէջ շատ հայեր աջակցած են հրեաներուն եւ փրկած անոնց կեանքը: Այսպիսով, ես նոյնը կը զգամ»:
Լափշին Mirror-ի ըսաւ. «Ի հարկէ, ես ոչ մէկ աջակցութիւն կը ստանամ Հայաստանի կառավարութենէն»: Աւելի՛ն, այն փաստը, որ Հայաստան՝ կանգնած ըլլալով գոյաբանական սպառնալիքի առջեւ, կը փորձէ խաղաղութեան պայմանագիր կնքել ինչպէս Ատրպէյճանի, այդպէս ալ Թուրքիոյ հետ, կարծես թէ բարդ դրդապատճառներ կը ստեղծէ։ «Նոյնիսկ Հայաստանի մէջ որոշ քաղաքական գործիչներ փորձեցին զիս համոզել, որ զայն մէկ կողմ ձգեմ՝ քաղաքական ինչ-ինչ պատճառներով։ Ինչ որ ես կ՛ընեմ Ատրպէյճանի դէմ, կերպով մը, առումով մը կը հակասէ Հայաստանի ներկայ իշխանութեան ազգային շահերուն…: Ուստի, այս կռուի մէջ ես զիս քիչ մը մինակ կը զգամ, բայց այս անգամ, բարեբախտաբար, ունիմ շատ ընկերներ, երկուքն ալ հայ ընկերներ եւ ամերիկացի եւ եւրոպացի ընկերներ, որոնք իրականութեան մէջ կ՛աջակցին ինծի»։
«Հայաստան գտնուելու ժամանակ Լափշին հանդիպած է (Պաքուի) բանտին մէջ բռնաբարութեան ենթարկուած քանի մը նախկին ռազմագերիներու եւ փորձած է համոզել զանոնք՝ երթալու հետը ԱՄՆ եւ Եւրոպա՝ ցուցմունք տալու այս մասին, սակայն, Լափշինի խօսքերով, անոնք անյարմար կը զգային իրենց հետ կատարուածին մասին բացայայտօրէն խօսելու՝ մեկնած հայկական ընկերային չափանիշներէ կամ մշակոյթէ», զեկուցեց Արքուն։ Նախկին հայ ռազմագերիները Լափշինի ըսած են. «խիստ նախազգուշացումներ եղած են Հայաստանի հետախուզական ծառայութիւններու կողմէ, որ իրենք չշփուին լրագրողներու կամ իրաւապաշտպաններու հետ։ Կարելի է ենթադրել, որ եթէ այս ճիշդ է, ապա ուրեմն պայմանաւորուած է Հայաստանի ներկայ անորոշ իրավիճակով, որ ամէն ինչ կ՛ընէ Ատրպէյճանի կողմէ յարձակունակ նոր պատերազմէ մը խուսափելու համար»։
Լափշին յայտնեց Mirror-ի, որ ԱՄՆ հրէական համայնքի անդամները չեն աջակցիր Հայաստանի համար իր իրաւապաշտպան գործունէութեան։ Անոնք ըսած են. «Ինչի՞դ է պէտք Ատրպէյճանի հետ գործ ունենալ, քանի որ Ատրպէյճանը իրականութեան մէջ Իսրայէլի դաշնակիցն է։ Կը հասկնանք, որ դուն վատ փորձառութիւն ունեցած ես Ատրպէյճանի հետ, բայց, այսուամենայնիւ, պէտք է համաշխարհային մտածել։ ասիկա զուտ քաղաքականութիւն է։ Այն, ինչ դուն կ՛ընես Ատրպէյճանի դէմ, կը հակասէ Իսրայէլի ազգային շահերուն»։
Լափշին ափսոսանք յայտնեց, որ ամերիկեան «հայկական համայնքը այդքան պառակտուած է եւ թոյլ»։ «Կայ անվստահութիւն Հայաստանի կառավարութեան եւ միմեանց նկատմամբ», ըսաւ ան, եւ այս իրավիճակը ստիպեց, որ ան հոգեպէս ընկճուած զգայ», զեկուցեց Արքուն:
«Եթէ մէկը կը փափաքի զիս հրաւիրել իրաւապաշտպաններու կամ քաղաքական գործիչներու հետ հանդիպումներու, նոյնիսկ պետական մակարդակով, ես աւելի քան ուրախ կ՛ըլլամ», ըսաւ Լափշին Արքունի: Թորոնթոյէն եւ Նիւ Եորքէն ետք ան պիտի մեկնի Լոս Անճելըս, Սան Ֆրանսիսքօ, Սաքրամենթօ, Լաս Վեկաս, Սիէթըլ, Փորթլէնտ, Տալաս, Մայամի եւ հաւանաբար Շիքակօ, ինչպէս նաեւ Վանգուվըր, Գանատա։ Այս տարուան վերջաւորութեան ան կը նախատեսէ կրկին այցելել Հայաստան։ Սակայն աւելցուց, որ քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով՝ «Ես երբեք չեմ կրնար գիտնալ, թէ արդեօք ինծի կ՛արտօնե՞ն մուտք գործել Հայաստան»։
Արեւելահայերէնի թարգմանեց՝ Ռուզաննա Աւագեան
Արեւմտահայերէնի վերածեց՝ Սեդա Գրիգորեան
===========================
Ռուս-իսրայելցի բլոգերի համարձակ ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Օրերս Armenian Mirror-Spectator-ում կարդացի մի շատ կարևոր հոդված, որտեղ Արամ Արքունը հարցազրույց է վերցրել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինից, որը ներկայումս շրջագայության է Կանադայում և Միացյալ Նահանգներում: Նա արդեն հանդիպումներ է ունեցել հայերի հետ՝ հունիսի 3-ին Կանադայի Տորոնտո քաղաքում, իսկ հունիսի 11-ին` Նյու Յորքում: Նա նաև հանդիպել է Human Rights Watch-ի, Amnesty International-ի և Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ՝ նրանց տեղեկացնելու Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին:
Լապշինը ծնվել է Ռուսաստանում և 13 տարեկան հասակում տեղափոխվել Իսրայել։ Նրա կինը Մոլդովայից է և Իսրայել է տեղափոխվել 14 տարի առաջ։ Այնուամենայնիվ, 2017 թվականից նա դեռ սպասում է Իսրայելի քաղաքացի դառնալու հաստատմանը։
2011-ից 2016 թվականներին Հայաստան կատարած իր բազմաթիվ այցերի ընթացքում նա երեք անգամ մեկնել է Արցախ: Ադրբեջանի կառավարությունը նրան ձերբակալելու հրաման է տվել և Բելառուսից պահանջել նրան ուղարկել Բաքու՝ Հայաստանից «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» համար։ 2017 թվականին Բելառուսը նրան արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ «նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, սակայն սեպտեմբերին նրան ներում են շնորհել և ինքնաթիռով ուղարկել Իսրայել, ինչպես ինքն է ներկայացնում, բանտում չորս դիմակավորված անձանց կողմից սպանության փորձից հետո։ Ադրբեջանի կառավարությունը, սակայն, հայտարարել է, որ նա փորձել է ինքնասպան լինել», զեկուցել է Արքունը:
Լապշինն ասաց, որ Իսրայելի Անվտանգության գործակալությունը իրեն բազմիցս հորդորել է դադարեցնել աջակցել Հայաստանին, քանի որ «Ադրբեջանը մեր դաշնակիցն է»։ Նրան խորհուրդ են տվել նաև հետ վերցնել Ադրբեջանի դեմ իր բողոքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից և ՄԱԿ-ից։ Լապշինը պատասխանել է. «Ոչ, ոչ մի դեպքում։ Ես գնալու եմ մինչև վերջ և հաղթելու եմ»։
2021 թվականի մայիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հօգուտ Լապշինի վճիռ կայացրեց ընդդեմ Ադրբեջանի՝ սպանության փորձի, խոշտանգումների և ապօրինի ազատազրկման մեղադրանքով։ Սակայն Ադրբեջանը հրաժարվեց նրան վճարել 30 հազար եվրո փոխհատուցումը։ «Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 2022 թվականի հուլիսի 19-ին բանաձև ընդունեց՝ դատապարտելով Բելառուսի իշխանություններին՝ Լապշինին ապօրինի ձերբակալելու և նրան Ադրբեջանին արտահանձնելու համար», գրել է The Mirror-ը։
Լապշինը Mirror-ին ասաց, որ իր քննադատությունների պատճառով չի կարող այցելել Ռուսաստան և նախկին խորհրդային երկրներ՝ «բացի Հայաստանից», սակայն հավելեց. «Ես պարզապես ասացի, բացի Հայաստանից, բայց ո՞վ գիտի։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի մեծ ազդեցության տակ»։
«Լապշինը շարունակում է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ իր սեփական գործին, սակայն պատրաստ է օգնել նաև Հայաստանին։ Նա ասաց, որ հասկացել է՝ «ավելի լավ կլինի ինձ, իմ ընտանիքի և մեր անվտանգության համար մի կողմ թողնել դա և շարունակել մեր հին կյանքը»: Այնուամենայնիվ, նա շարունակեց. «Ես պարզապես չեմ կարող թողնել այն, ինչ անում եմ հօգուտ Հայաստանի և Արցախի, քանի որ Հայաստանում շատ ընկերներ ունեմ։ Նրանցից մի քանիսը զոհվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ես իրականում սիրում եմ այս երկիրը, ուստի Հայաստանում ինձ իմ երկրորդ տանն եմ զգում», հաղորդում է Արքունը։ Լապշինը հավելեց. «Վեց միլիոն հրեա սպանվեց Հոլոքոստի ժամանակ։ Իրականում շատ հայեր աջակցել են հրեաներին և փրկել նրանց կյանքը: Այսպիսով, ես նույնն եմ զգում»:
Լապշինը Mirror-ին ասաց. «Իհարկե, ես ոչ մի աջակցություն չեմ ստանում Հայաստանի կառավարությունից»: Ավելին, այն փաստը, որ Հայաստանը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև, փորձում է խաղաղության պայմանագիր կնքել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, կարծես թե բարդ դրդապատճառներ է ստեղծում։ «Նույնիսկ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ փորձեցին ինձ համոզել, որ դա մի կողմ թողնեմ՝ ինչ-ինչ քաղաքական պատճառներով։ Այն, ինչ ես անում եմ Ադրբեջանի դեմ, ինչ-որ կերպ, ինչ-որ առումով, հակասում է Հայաստանի ներկայիս իշխանության ազգային շահերին… Ուստի այս կռվի մեջ ես ինձ մի քիչ միայնակ եմ զգում, բայց այս անգամ, բարեբախտաբար, ունեմ շատ ընկերներ, երկուսն էլ հայ ընկերներ և ամերիկացի և եվրոպացի ընկերներ, որոնք իրականում աջակցում են ինձ»։
«Հայաստանում գտնվելու ժամանակ Լապշինը հանդիպել է [Բաքվի] բանտում բռնաբարության ենթարկված մի քանի նախկին ռազմագերիների և փորձել համոզել նրանց գնալ իր հետ ԱՄՆ և Եվրոպա՝ ցուցմունք տալու այդ մասին, սակայն, Լապշինի խոսքերով, նրանք անհարմար էին զգում իրենց հետ կատարվածի մասին բացահայտորեն խոսելուց՝ ելնելով հայկական սոցիալական նորմերից կամ մշակույթից», զեկուցեց Արքունը։ Նախկին հայ ռազմագերիները Լապշինին ասել են. «խիստ նախազգուշացումներ են եղել Հայաստանի հետախուզական ծառայությունների կողմից, որ իրենք չշփվեն լրագրողների կամ իրավապաշտպանների հետ։ Կարելի է ենթադրել, որ եթե դա ճիշտ է, ապա այն պայմանավորված է Հայաստանի ներկա անորոշ իրավիճակով, որն ամեն ինչ անում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիվ պատերազմից խուսափելու համար»։
Լապշինը ասաց Mirror-ին, որ ԱՄՆ հրեական համայնքի անդամները չեն աջակցում Հայաստանի համար իր իրավապաշտպան գործունեությանը։ Նրանք ասել են. «Ինչի՞դ է պետք Ադրբեջանի հետ գործ ունենալ, քանի որ Ադրբեջանն իրականում Իսրայելի դաշնակիցն է։ Հասկանում ենք, որ դու վատ փորձառություն ես ունեցել Ադրբեջանի հետ, բայց, այնուամենայնիվ, պետք է գլոբալ մտածել։ Սա ռեալպոլիտիկ է։ Այն, ինչ դու անում ես Ադրբեջանի դեմ, հակասում է Իսրայելի ազգային շահերին»։
Լապշինը ափսոսանք հայտնեց, որ ամերիկյան «հայկական համայնքն այդքան պառակտված է և թույլ»։ «Կա անվստահություն Հայաստանի կառավարության և միմյանց նկատմամբ», ասաց նա, և այս իրավիճակը նրան ստիպեց հոգեպես ընկճված զգալ», զեկուցեց Արքունը:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինձ հրավիրել իրավապաշտպանների կամ քաղաքական գործիչների հետ հանդիպումների նույնիսկ պետական մակարդակով, ես ավելի քան ուրախ կլինեմ», ասաց Լապշինը Արքունին: Տորոնտոյից և Նյու Յորքից հետո նա մեկնելու է Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Սակրամենտո, Լաս Վեգաս, Սիեթլ, Պորտլենդ, Դալլաս, Մայամի և հավանաբար Չիկագո, ինչպես նաև Վանկուվեր, Կանադա։ Այս տարվա վերջին նա նախատեսում է կրկին այցելել Հայաստան։ Սակայն նա հավելեց, որ քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով, «Ես երբեք չեմ կարող իմանալ՝ արդյոք ինձ թույլ կտա՞ն մուտք գործել Հայաստան»։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի